Պատմություն

Հայկական դիցաբանություն

Հին հայկական հեթանոսական կրոնը հայկական դիցաբանություն էր: Այն մինչև 301թ. (երբ քրիստոնեությունը ընդունվեց) հայաստանում պետական կրոն էր:
Հայկական դիցաբանությունը բաժանվում է երկու դիցարանի՝ հին և նոր:
Նոր դիցարանի գլխավոր աստվածը Արամազդն էր: Նա երկրի և երկնքի աստվածն էր, ու բոլոր աստվածների հայրը: Նա կոչվում էր <<Մեծ և արի Արամազդ>>:

Անահիտ

Արամազդի դուստրը կամ կինն էր Անահիտը՝ հայոց ամենասիրելի դիցուհին: Նա կոչվում էր <<Մեծ տիկին Անահիտ>>: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եկել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը: Նա Արամազդի և վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն: Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները: Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր:

Վահագն

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.
Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։
Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։

Ատղիկ

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։
Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Նանե

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

Միհր

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։
Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։
Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովածին Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։

Տիր

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

Ամանոր և Վանատուր

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։

Աղբյուրները՝

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/4889
http://armenianhouse.org/harutyunyan/armenian-myths-legends.html

Advertisements