«Սասնա ծռեր» էպոս

1.1964 թ.-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվեց լավագույնը: Փորձիր պարզել՝ ինչո՞ւ:

Մեր էպոսում լավագույնս է արտահայտվում հայրենասիրության, խաղաղության, ընտանիքը, ծնողին սիրելու և հարգելու գաղափարները: Էպոսում մենք չենք տեսնում նվաճողական որևէ  ձգտում: Չորս ճյուղի հերոսներն էլ խաղաղասեր են, կառուցող, ազգասեր, հայրենասեր: Էպոսում կարևորվում է հայրենի հողի պաշտպանությունը: Այս գաղափարների կրողներն են էպոսի հերոսները և այս գաղափարներն են, որ մեր էպոսը դարձնում են լավագույնը: 

2. Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:  Էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսի թեմաներով:

Կոմիտասի ստեղծագործությունների շարքում է «Սասունցի Դավիթ» օպերան: Կոմպոզիտորին չի հաջողվել ավարտին հասցնել այն: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա գրված երաժշտական հատվածները: Մեզ հայտնի են գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երժշտական ասքը: 

3. Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:

https://www.youtube.com/watch?v=q-6NGVeoU8Y

Հին կտակարան‎ ,  ‎Դ Թագավորաց‎ , ‎ ԺԹ, էջ 475 «Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:

4. Փորձիր պարզել՝ «Մարութա» անվան ստուգաբանությունը: Տեղեկություններ հավաքիր նաև Մարութա Բարձր Աստվածածնի և Ծովասարի մասին:

Մարութա սարը եղել է սասունցիների սիրելի սարը: Կոչվել է նաև Մարաթուկ, որն արամերենից թարգմանաբար նշանակում է «Իմ աշխարհի տերը»: Գարեգին Սրվանձտյանցը լեռն անվանում է «սուրբ և բարեպաշտ»: Ավանդազրույցի համաձայն Մարաթուկ սարին անվանում են նաև ջղլագլուխ (զույգ գլուխ ունեցող): 

Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Մարութա լեռան գագաթին է գտնվում Մարութա Բարձր Աստվածածին վանքը, որը ուխտատեղի է համարվում: Այն կառուցել են Սանասարն ու Բաղդասարը, վերակառուցել է Դավիթը: Մարութավանքը Սասնա դյուցազունների համար սրբատեղի է եղել և իրենց բոլոր նախաձեռնություններից առաջ ապավինել են վանքի զորությանը: 

Ծովասար լեռը համարվում է Ծովասրի լեռնաբազուկի բարձր գագաթը: ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնաշղթայում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Լեռը Ծովասար է կոչվել գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով: Այն հարուստ է մարգագետիններով և աղբյուրնեով: Այն հիշատակվում է որպես հերոսների զբոսավայր կամ որսատեղի: Ծովասարը հիշատակվում է նաև մեր էպոսում:

5. Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին, իսկ օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:

Էպոսի մասին հիշատակություններ ունեն Մովսես Խորենացին և Թովմա Արծրունին: Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարուրդներ՝ Ա. Տենրեյոյի և Մ. Աֆոնսոյի ուղեգրական նոթերում: Ուշ հայկական աղբյուրներում որոշակի հիշատակություններ են պահպանվել 19-րդ դարում հանդիպող տեղավայրերի, որոնք կրում են էպոսի հերոսների անունները՝ Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշամիների գերեզմանները Խլաթում:

6. Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավարներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: 19-ից 20-րդ դարերում գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերուդների միջոցով Էպոսն անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս: Նրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են:

7. Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:

«Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրշներ: 

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,

Քառասուն տարի իշխում էր Սասուն.

Իշխում էր ահեղ, ու նըրա օրով

Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։

Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու

Թնդում էր նրա հռչակն ահարկու,

Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.

Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ» պոեմ

Դառնանք — բարբառենք նզովք մենք նախ

Մսրամելիքին, թագավորի՛ն։

Դառնանք — բարբառենք նզովք ապա

Ձենով — Օհանին, իշխանին նե՛նգ։

Դառնանք — բարբառենք նզովք ապա

Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,

Որ բերին մեզ մահ, ու մուժ, ու նեռ։

 

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր

Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ,

Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,

Մհերին՝ նրա որդուն անմահ,—

Ողջ ժողովրդին ապա Սասմա

Որ լուրթ լեռներում մի օր բազմած

Հորինեց պայծառ զրույցը այս—

Եվ անցավ անհետ, դարձավ երազ։—

 

Սկսենք ապա հանգով ճարտար

Սասունցի Դավթի զրույցն արդար,

Որ մնալու է հավիտյան— հա´ր

Զրույց իմաստուն և ոսկեբառ։—

Եղիշե Չարենց «Սասունցի Դավիթ» պոեմ 

8. Ովքե՞ր են գրի առել պատումը,  ովքե՞ր են եղել ասացողները:  Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին: Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:

Էպոսի պատումներից մեկը 1873 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: 1889 թվականին էպոսի մեկ այլ տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկ տեղ ստեղծում է 60 պատումներից բաղկացած համաավաք բնագիր «Սասունցի Դավիթ» անունով: Վիպասացների և բանահավաքների կողմից էպոսը կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դայիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ անուններով:

9. Փորձիր պարզել՝ աշխարհում էլ ի՞նչ «Մհերի դուռ» ժայռ-քարանձավի նմանօրինակներ կան:

Մհերի դուռ կամ Ագռավու քարը գտնվում է Վանա բերդի մոտ: Մհեռի դուռը կոչվում է նաև Ագռավի կամ Ակրփու քար, որն ըստ ավանդության կապված է «Սասունցի Դավիթ» դյուցազներգության հետ: Փոքր Մհերը Վանա ժայռից դուրս պետք է գա Մհերի դռան միջոցով: Մհերի դուռը կոչվում է նաև Խալդիի կամ Աստծո դարպասներ: 

«Փոքր Մհերի» գլխավոր դուռը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի լեռներում: Դրա կողքին պահպանվել են ուրարտական Իշպուինի արքայի սեպագիր արձանագրությունները: Հայկական լեռնաշխարհի ուրիշ վայրերում ևս կան նման շինություններ, որոնք նորից կոչվում են «Մհերի դուռ»: 

Հայաստանում հնագետների կողմից ուսումնասիրություններ են սկսվել «Մհերի դռների» և Վայոց Ձորի այլ քարանձավներում: Հուշարձանը գտնվում է Ելփին գյուղում: Ժայռի մեջ ընկած է մեծ դռան ձևով փորվածք: Հուշարձանը կրում է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսի անունը:

10. Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:

Էպոսում գաղափարականորեն ներկայացվում է հայ ժողովրդի հերոսական պայքարը թշնամիների դեմ՝ պետականության պահպանման և ամրպնդման համար: Էպոսում արտահայտվում է հայ ժողովրդի նվիրական խոհերն ու երազանքները, մեր դարավոր պայքարը հանուն ազատության, մեր ազգային կենցաղը, մեր բնավորությունը, մեր ոճն ու ոգին: Էպոսի գաղափարները արդիական են բոլոր ժամանակների համար, քանի որ այնտեղ արծարծվում են վեհ գաղափարներ, ինչպիսիք են՝ հայրենասիրությունը, ընտանիքասիրությունը, ծնողասիրությունը:

11. Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:

«Սասնա ծռեր» էպոսում պետականության մոդելը ընտանիքն է, պետությունը, որպես մեկ ընտանիք: Պետության ղեկավարը պետք է լինի ազնիվ, քաջ, կառուցող ինչպիսիք էպոսի գլխավոր հերոսներն էին: Այս գաղափարներով էլ առաջնորդվելով հերոսները կարողացան օտար նվաճողներից պաշտպանել երկիրը: 

Ես կարծում եմ, որ ամուր պետություն ունենալու համար, պետք է ունենալ ամուր ընտանիք: Ընտանիքը պետության պահպանման ու ամրապնդման հիմքն է հանդիսանում:

12. Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:

Էպոսում ներկայցվող գաղափարներն արդիական են բոլոր ժամանակների համար: Մենք նույնպես պետք է կրողը լինենք այդ գաղափարների, որպեսզի բարությունն ու ազնվությունը մերօրյա աշխարհն ավելի բարի ու լավը դարձնեն:

Leave a comment